Մի փոքր սեմինարների մասին

Մարդը, ինչպես ցանկացած աշխատող մեխանիզմ, թարմանալու, նոր ծրագրեր ներբեռնելու, ինքնակրթվելու կարիք ունի՝ անխափան և լավ աշխատելու համար։ Շատ են լինում դեպքեր, երբ ցանկություն ունես սովորելու, նոր ոլորտներ ներթափանցելու, քո ազգայինը ավելի լավ յուրացնելու, արվեստն ու արհեստը ձուլելու, մարզական դառնալու, բայց աշխատանքային գրաֆիկի ու ժամանակի սղության պատճառով հնարավորություն չես ունենում լրացնել ներսիդ բացն ու լռեցնել հոգուդ ճիչը։ Շտապեմ ասել՝ մենք ունենք այդ հնարավորությունները կրթվելու և զարգանալու, ստեղծելու, արարելու, վայելելու և հրճվելու…

Կրթահամալիրում կազմակերպվում են սեմինար-պարապմունքներ՝ լեզվի և խոսքի մշակույթի, կավագործության, երգի, պարի, լողի, ձիավարության, մարզական, առաջին բուժօնության… Սեմինարները կազմակերպում է 2-5 տարեկանների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանը, ում շատ շնորհակալ եմ իր մեծ և նվիրված աշխատանքի համար։ Յուրաքանչյուր սեմինարի մասնակցում եմ սիրով, մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ։ Սեմինարները բացի բազմակողմանի տեղեկատվություն, կրթություն տալուց, տալիս են նաև փորձի փոխանակում, շփում գործընկեր դաստիարակների հետ՝ խոսում ենք հաջողածի և ձախողածի մասին, քաղում դասեր մեկս միուսից։

Այս ամառը հագեցած էր սեմինարներով։ Կազմակերպվեց լողի սեմինար-պարապմունքներ, որը բացի կոփելուց և մարզելուց ինձ տալիս էր մեծ ինքնավստահություն՝ հաղթահարելով վախը ջրի նկատմամբ։

Մանակցել եմ առաջին բուժօգնության սեմինարներին, որը անցնում էր շատ հետաքրքիր, պատկերավոր։ Սեմինարը վարում էր Քրիստ Սահակյանցը։ Առաջին բուժօնության կանոններին ծանոթանում էինք և՛ տեսական, և՛ գործնական մասով։ Սովորում ցանկացած իրավիճակում կյանք փրկել՝ ճիշտ գնահատելով իրավիճակը։Եվ կարծում եմ՝ մեր սեմինարները կլինեն միշտ, շարունակական՝ զարգացնող, աճեցնող, կոփող…

Մարզական խաղեր

Մարզական լինելը, մարական առօրյա վարելը առողջ ապրելակերպի և ապագայում առողջ մարմին ունենալու գրավականն է։ Սաների հետ օրը սկսում ենք մարզական խաղերով, նախավարժանքով, բակային խաղերով՝ վաղ հասակից կոփելով մարմինն ու միտքը։